Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել գերիներին հայրենիք բերող ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, այս պահին նրանք բուժզննում են անցնում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ հայրենիք էր վերադարձվել է 44 ռազմագերի։
Մինչ 44 գերիների վերադարձը մի քանի փուլով հայրենիք է վերադարձել գերիների մի քանի փոքր խումբ։ Ընդհանուր առմամբ, մինչ այս 57 գերի է վերադարձել ՀՀ։
Նշենք, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի և նրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին հստակ տեղեկություններ չկան։ Գերիների վերադարձի հարցն ամրագրված է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտարարվեց գերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» քաղաքական պայմանավորվածության մասին, սակայն մինչ օրս դեռ անորոշ է Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագիրը։