Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթների հեղինակների երևակայությունն, ինչպես երևում է, սպառվել է։ Թուրքական մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ Էրդողանը 2021թ․ փետրվարի 16-ի ելույթում բառացիորեն կրկնել է ԱԶԿ նախկին ղեկավար Բինալի Յըլդըրըմի՝ 2017թ․ ելույթը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Ելույթների նմանությունը նկատել է «Twitter»-ի թուրք օգտատերերից մեկը, ով կողք կողքի է դրել երկու ելույթների տեսագրությունները, որտեղ Յըլդըրըմն ու Էրդողանը 4 տարվա տարբերությամբ նույն խոսքերն են արտասանում։ Տեսագրությունն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում և ակտիվ քննարկումների առիթ դարձել։
Ելույթը վերաբերում է մամուլում և երիտասարդության շրջանում օգտագործվող թուրքերենին։ Ներկայացնում ենք կրկնվող հատվածի թարգմանությունը․ «Սոցիալական մեդիայի լեզուն դառնում է մեր երիտասարդների գրավոր խոսքը, նրանց հաղորդակցման լեզուն։ Անիմաստ հապավումները, բառերի միջև խցկված օտար բառերը, ջարդրտված նախադասությունները, անիմաստ արտահայտությունները օրեցօր ավելի սովորական են դառնում։ Մենք պարտավոր ենք դադարեցնել լեզվի այս քայքայումը, լեզու, որ ավելի շատ նման է ինչ-որ նորահայտ «ծտի լեզվի», քան թուրքերենի։ Այն անպտուղ է դարձնում մեր լեզուն, խզում է սերունդների միջև հաղորդակցությունը»։