Թուրքական ոչ իշխանամետ լրատվամիջոցներից մի քանիսն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ստամբուլի բյուզանդական շրջանի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշումից առաջ Թուրքիայի արևելքում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել, որոնցից մեկն այժմ Գազիանթեփում է (պատմական Այնթապ)։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
1873-1893 թթ․ Այնթապում հայ հայտնի ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ և Սարգիս Թաշչյանի կողմից կառուցված հայկական փառահեղ Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո՝ 1920 թվականից ի վեր որպես բանտ է շահագործվել։
1980 թ․ Գազիանթեփի նախկին նահանգապետերից Աբդուլքադիր Աքսուի որոշմամբ, որն ավելի ուշ եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը, հայկական եկեղեցու վրա փոփոխություններ են կատարվել, և մզկիթի է վերածվել։
Հաղորդվում է, որ պատմական կառույցն իր երբեմնի տեսքը չի կորցրել։ Այժմ եկեղեցին կոչվում է Քուրթուլմուշի մզկիթ և Գազիանթեփի ամենամեծ մզկիթներից է համարվում։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերի վրա քանդակված խաչերը ծածկվել են կամարակալներով։ Եկեղեցու զանգակատունը վերածվել է մինարեթի։
Նշվում է, որ եկեղեցու զանգը, որը կշռել է շուրջ 1 տոննա, պատրաստվել է Բրազիլիայում Լոնդոնում բնակվող հայ բարերար Հրանտ Քյոշքերյանի մեկենասությամբ։ Այժմ զանգը գտնվում է Գազիանթեփի թանգարանում։