Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կառավարության նիստի ընթացքում կոշտ քննադատություն է հնչեցրել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում բացի Մամեդյարովից։
«Ես չկարողացա գտնել նրան, նա աշխատասենյակում չէր», – դժգոհել է Ալիևը՝ Մամեդյարովին մեղադրելով անպատասխանատվության մեջ: Արձագանքելով նախագահի հայտարարությանը՝ վարչապետ Ալի Ասադովը հայտնել է, որ Մամեդյարովը այդ օրը՝ ժամը 3-ին, տանն էր :
«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:
Ի պատասխան Իլհամ Ալիևը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը», – եզրափակել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են 2004 թվականից երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մամեդյարովի հնարավոր հրաժարականի մասին: Այս լուրը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: