«Ադրբեջանը ընդունել է իր կորուստները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։
Հաղորդվել է, որ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը։