Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունն անցել է բնականոն աշխատանքի։ Կառավարության կազմի վերանայումներն էլ պայմանավորված են հանրության սպասումները բավարարելու հետ։ Այս մասին Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեր նոր գործընկերները, գալով իշխանության, պետք է նախ շարունակեն նախկին գործընկերների կատարած բարեփոխումները, մյուս կողմից՝ օրակարգ բերեն հետպատերազմյան շրջանում որոշ իրողությունների փոփոխություններ»,- ասաց Պապիկյանը։
Իսկ թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում մարզպետների փոփոխությունները, Պապիկյանը պատասխանեց, որ պատճառները եղել են տարբեր։ Հիմնականում դա առավել պատասխանատու աշխատանքի անցնելու համար է արվել, առաջիկայում կերևա։
Թե ինչ խնդիրների հետ է բախվել Սյունիքը, ՏԿԵՆ ղեկավարն ասաց, որ մարզում ընթացող պրոցեսներին ինքը վերաբերում է որպես քաղաքական պրոցեսի։
Իսկ այն մասին, թե տեսնո՞ւմ է արդյոք Պապիկյանն իր որոշ գործընկերների գործելաոճում քաղաքական շահի սպասարկում, ասաց, որ ավելի ճիշտ տեսնում է քաղաքական գործելաոճ։
«Այս պահին դե յուրե սահմանազատում ՀՀ-ում տեղի չի ունենում,- ասաց Պապիկյանը,- երկու երկրներն էլ ունեն Կադաստրի կառավարման կոմիտեներ, յուրաքանչյուրի դեպքում կա հստակ գծված իրավասության սահման։ Խորհրդային տարիներին այդ սահմանները պարբերաբար փոփոխությունների են ենթարկվել։ Մինչ այժմ վերջնականապես դեմարկացիա չի եղել նաև Վրաստանի հետ սահմաններին, սակայն 30 տարիների ընթացքում նմանատիպ խնդիրն այլ ընկալում է ստացել»։
Իսկ ո՞վ է ավելի շատ շահում կոմունիկացիաների վերաբացման արդյունքում, և Հայաստանն, առհասարակ, շահո՞ւմ է դրանից։ Պապիկյանը կարծում է, որ երկարաժամկետ առումով շահում է ողջ տարածաշրջանը։ Ադրբեջանի հետ հաղորդակցության արդյունքում Հայաստանի շահեկան դիրքերին չհավատալու հենք նախարարը տեսնում է, սակայն պետք է հաշվի առնել, որ հայտարարությունը եռակողմ է ու կա կողմ, որը հավասարապես պատասխանատվություն է կրում դրա կենսագործման համար։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվեց հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։