ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է Անկարային կոչ անել հրաժարվել ռուսական սպառազինությունից: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ամերիկայի Ձայն»-ին:
«Թուրքիայի մասնակցությունը ծրագրին մնում է սառեցված: Մենք կոչ ենք անում Թուրքիային չշարունակել C-400-ի մատակարարումը»,- հայտարարել է Քիրբին:
Նրա խոսքով՝ Թուրքիան «բազմաթիվ հնարավորություններ է ունեցել վերջին տասը տարում Միացյալ Նահանգներից Patriot համակարգեր ձեռք բերել, սակայն դրա փոխարեն նրանք նախընտրել են C-400 համակարգերը, ինչը Ռուսաստանին շահույթ, հասանելիություն եւ ազդեցություն է տալիս»:
Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թուրքիան պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ում տեղակայված միջազգային իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային պահպանել մասնակցությունը F-35-ի արտադրության ծրագրին, որից Անկարան հանվել է ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017-ին պայմանագիր են կնքել Մոսկվայի կողմից Անկարային C-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է Ռուսաստանից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանք է ստացել ԱՄՆ-ում և Հյուսիսատլանտյան դաշինքում։ Քանի որ Թուրքիան չի ենթարկվում նրանց ճնշումներին և չի հրաժարվում C-400-ից, Վաշինգտոնը Անկարային դուրս է թողել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: Չնայած ԱՄՆ-ն երկար ժամանակ սպառնում էր Թուրքիային մի շարք միակողմանի պատժամիջոցներով, սակայն չէր շտապում դրանք իրականացնել, քանի որ վախենում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրումից։ Անկարան զգուշացրել է, որ պատժամիջոցների կիրառումն անպատասխան չի թողնի։