Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:
Կազմված մեղադրական եզրակացությամբ՝ ավելի քան 600 ԺԴԿ-ական գործչի համար քաղաքական գործունեության արգելքի պահանջ է ներկայացվել։ Այդ անձանց թվում են նաև կուսակցության ներկա և նախկին համանախագահները։ Բացի այդ, նախատեսվում է նաև դադարեցնել կուսակցության պետական ֆինանսավորումը և առգրավել կուսակցությանը պատկանող ողջ գույքը։
Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ-պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել է ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման Պաշտոնական պարբերականում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։