Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում։
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության զարգացում՝ պաշտպանական արտադրանքի և ծառայությունների մշակման, արտադրության, մատակարարման, ինչպես նաև լոգիստիկ աջակցության ոլորտներում։
Երկու երկրների կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2017 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն ստորագրվել է Բաքվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով: