Այսօր տեղեկացրել էինք, որ Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ էլեկտրացանցում վթար է տեղի ունեցել: Վթարը տեղի էր ունեցել Իրանի Նաթանզե քաղաքի միջուկային օբյեկտում։
Վթարի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին: Նա նշել էր, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Քամալվանդին հայտնել էր, որ պատահարի պատճառները պարզվում են, և վթարի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ:
Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը միջուկային ահաբեկչության դրսևորում է որակել:
«Իրանը, դատապարտելով այդ ստոր գործողությունը, ընդգծում է, որ միջազգային հանրությունը և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հակազդեն այդ ահաբեկչությանը»,- Սալեհիի խոսքը մեջբերել է РИА Новости-ին: Նա ընդգծել է, որ դեպքի առնչությամբ Թեհրանը համապատասխան միջոցներ է ձեռնարկելու: