Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը, ընդգծելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կողմերին զսպվածություն և վեճերից խուսափելու կոչ է անում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կարող է լուծվել խաղաղ միջոցներով հնարավորինս արագ»,- նշել է նա:
Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների միջև վեճերի, այդ թվում ՝ վերջերս տեղի ունեցած վեճի խաղաղ կարգավորմանն աջակցելու երկրի պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտնել էր, որ հանրապետության տարածքում ներկայումս գտնվում է շուրջ 250 ադրբեջանցի զինվորական: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի շրջանակներում Սյունիքի մարզի Սև լիճ շրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։