Ադրբեջանի ԶՈւ-երը զորավարժություններ են սկսել: Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Ըստ հաղորդագրության, պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 հազար մարդ, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա: Զորավարժութուններում ներգրաված են նաև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, ինչպես նաև մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Նշվել է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 20-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: Հավելենք, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: