«Տաշիր» ընկերությունների խումբն անհեթեթ է անվանել իր նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Գերատեսչությունը պնդում է, որ 2001-2021 թվականների ընթացքում նշված անձինք իբր խոշոր տրամաչափի մարտական հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, իսկ Հայաստանից էլ այդ զենք-զինամթերքն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ։
««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և ոչ մի հիմք չունեն», – ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Ընկերությունում հայտարարել են, որ Կարապետյանի դեմ քրեական գործը, որի մասին այսօր հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է «քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու մտացածին մեղադրանքով»: «Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են ակնհայտ կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող մարդկանց նկատմամբ, վրդովեցուցիչ է և անընդունելի», – նշել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ինձ զարմացնում է, թե ինչ համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայությունների վրա։ Ավելի լավ է իրենց էներգիան ուղղեն տարածաշրջանի վերականգնմանը, որը քանդեցին», – ասել է Կարապետյանը։
Ընկերությունում նշել են, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական եւ հումանիտար ծրագրեր՝ կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Հետագայում այդ օբյեկտներից մի քանիսը ավերվել են ադրբեջանական բանակի կողմից։ Ընդ որում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել», – հայտնել են մամուլի ծառայությունից։
«Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը ցուցաբերել և շարունակում են մարդասիրական օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին և ռազմական կոնֆլիկտի ժամանակ տուժած խաղաղ բնակիչներին», – ասվում է հաղորդագրության մեջ: