Հարավային Կովկասի խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, որի խոսքերը մեջբերում է «Anadolu»-ն։ Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռական են` գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն ապահովելու համար։
Քուրթուլմուշն ընդգծել է, որ Երևանը պետք է հրաժարվի Հարավային Կովկասի սահմաններից դուրս տարածաշրջանային խնդիրների լուծումը որոնելու սովորությունից։
«Համոզված եմ, որ փոխգործակցության ամենաճիշտ ճանապարհը Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «վեցի պլատֆորմն» է՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությանը համապատասխան»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ Երևանում պետք է վերջապես գիտակցեն, որ լարվածության նոր օջախների ձևավորումը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդին։