Թուրքական իշխանությունները ողջունում են Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման «չափավոր» հայտարարությունները, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, և՛ լավ, և՛ վատ ժամանակներում մենք հավատարիմ կլինենք Աֆղանստանում եղբայրներին օգնելուն։ Մենք ավելի վաղ արդեն ասել էինք, որ ընդունում ենք «Թալիբանի» ղեկավարությանը, այդ դիրքորոշմանը մենք հիմա էլ ենք հավատարիմ։ Մենք ողջունում ենք «Թալիբան»-ի ղեկավարության չափավոր հայտարարությունները», – հայտարարել է Էրդողանն՝ մի շարք թուրքական հեռուստաալիքների հետ իր հարցազրույցում։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ ամբողջ երկրում թալիբների արագ հարձակմամբ։ Զինյալները օգոստոսի 15-ին հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, որպեսզի, իր խոսքով, «կանխի կոտորածը»: