2020 թ․ մարտի 15-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով փակվեց ՀՀ օդային տարածքը։ Մոտ 2-3 ամիս «Արմենիան», ինչպես նաև աշխարհում շատ այլ ավիաընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը և թռիչքներ չէին կատարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ավիաընկերությունն օգտագործել է իր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։
2020 թ․ մայիսից մինչև դեկտեմբեր իրականացվել է շուրջ 536 տարհանման չվերթ։ Ընդհանուր առմամբ, Հայաստան է տեղափոխվել 38 000 ՀՀ քաղաքացի։ 2021-ի փետրվարից մինչև այս պահը «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է 1610 չվերթ և 155 000 ուղևոր է տեղափոխել։
Խաչատրյանի խոսքով՝ «Արմենիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ից իրականացնելու է Երևան-Մոսկվա-Երևան և Երևան–Թբիլիսի-Երևան ամենօրյա չվերթները։
Ամանորին մոտ ավիաընկերությունը կունենա չվերթներ դեպի Եկատիրինբուրգ, Սոչի, Ռոստով, Նովոսիբիրսկ։ Բացի այդ, այդ շրջանում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը կլինեն ամենօրյա չվերթներ դեպի Հուրգադա, Շարմ Էլ Շեյխ, Մարսա Էլ Ամալ։