Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը ներկայացնող հրամանատարության հատուկ խմբի ստեղծումը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվության հրապարակումը կապված են Ադրբեջան թուրքական զորակազմ ուղարկելու պլանների հետ: Այս մասին գրում է Turan գործակալությունը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բաքվում ստեղծվել է հրամանատարության հատուկ խումբ, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում:
Ինչպես գրում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին, «ադրբեջանական օպերատիվ խմբի» ստեղծման հարցը ծագել է որոշ ժամանակ առաջ, երբ քննարկվում էր թուրքական զորակազմը Ադրբեջան ուղարկելու հարցը:
«Չնայած, որ դա տեղի չի ունեցել, որոշումն ինքնին օրակարգից հանված չէ և անհրաժեշտության դեպքում կիրագործվի։ Այդ գեներալների անունները, ինչպես նաև «ադրբեջանական օպերատիվ խմբի» մասին փաստը հրապարակելը նպատակ ունի ցույց տալ, որ այդ հարցը օրակարգից դուրս չի բերվել», – մեջբերում է պարբերականը։
Գործակալությունը նշում է, որ օգոստոսի 26-ին թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հաղորդագրություն է հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդին՝ թուրքական բանակում բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների մասին։
Այդ ցուցակում նշված է ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ Բախտիյար Էրսայի անունը, որը նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբի» հրամանատար: Գեներալ Էնդի Գյուները նշանակվել է «Ադրբեջանական օպերատիվ խմբի» շտաբի պետ, իսկ բրիգադի գեներալ Աբդուլա Քաթիրջին նշանակվել է Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոնի հրամանատար: