Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հասանելիություն կտրամադրի Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող տեսախցիկներին, գրում է Anadolu-ն։
Այս մասին կիրակի հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո։
«Որոշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն Իրան կժամանեն միջուկային օբյեկտներում տեսահսկման խցիկների հիշողության քարտերի համար և կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերը»,- հայտնել է Էսլամին։
Նրա խոսքով՝ Գրոսսին Թեհրան կվերադառնա ՄԱԳԱՏԷ-ի գործադիր խորհրդի նիստից հետո, որն Իրանի մասնակցությամբ Վիեննայում տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում:
«Դա միջուկային ոլորտում աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Կարևոր է, որ ՄԱԳԱՏԷ-ն շարունակի աշխատել Իրանում տեխնիկական սարքավորումների հետ, և դա կարևոր երաշխիք է համարվում գործակալության և ամբողջ աշխարհի համար»,- հավելել է նա: