Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել:
Թուրքիայի փոխնախագահը դիմել է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆ-ից ստացված պատասխանը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Շեշտվել է, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու որոշումը բացառապես տվյալ երկրի իրավունքն է:
Թուրքիայի ԱԳՆ հաղորդման մեջ նշվում է, որ ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով և ռիսկի գործոն է ամբողջ տարածաշրջանի համար։