Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ գիշերն անցկացրել է խորհրդարանի շենքի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում։ Այս մասին հայտնում է RegionMonitor կայքը։
Վրաստանում դեռևս 2 օր առաջ մեկնարկել էր բողոքի ակցիա՝ նախ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Սակայն, հոկտեմբերի 14-ին բողոքի ակցիան մեծ մասշտաբների էր հասել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում չհաստատվեց համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Վրացական ընդդիմությունը ևս միացել է ցուցարարներին։
Նշվում է, որ գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվել են դեպի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։
Ցուցարարներն հայտնում են, որ չեն հեռանա մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում չկայացվի։
Բացի մայրաքաղաքից բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վրաստանի այլ մեծ քաղաքներում. Քութաիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։