Իրանն սկսել է գազամատակարարումը Ֆորդոյի միջուկային օբյեկտի ցենտրիֆուգում: Դա փաստացիորեն նշանակում է միջուկային պայմանավորվածությունների շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբ: Այս մասին փոխանցում է ISNA գործակալությունը:
Ինչպես փոխանցում է գործակալությունը, գազամատակարարման գործընթացն սկսվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների ներկայությամբ: Ֆորդոյում ցենտրիֆուգի համար ուրանի ֆտորիդը մատակարարվում էր Նաթանզեյի միջուկային օբյեկտից:
Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 5-ին Իրանի Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանի կողմից միջուկային նախագծի մասով պարտավորությունների կրճատումների նոր փուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին Ֆորդոյում ցենտրֆուգի մեկնարկով:
Համաձայն 2015թ. կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի` Իրանը պետք է արդիականացնի Ֆորդոյում կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը միջազգային դիտորդների հսկողության ներքո, որի վերակառուցումը պետք է բացառի, սակայն, օբյեկտի օգտագործումը ռազմական նպատակներով: