Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
Համաձայն Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և հրավիրել առաջիկա օրերին աշխատանքային այցով մեկնել Ռուսաստան։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են թուրքական բանակի ստորաբաժանումների և Սիրիայի կառավարության ուժերի միջև բախումների կանխման անհրաժեշտությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել Սիրիայում ընթացող գործընթացների քաղաքական կարգավորման շարունակման օգտին և պատրաստակամություն են հայտնել նպաստելու ՄԱԿ-ի հովանու ներքո հոկտեմբերի վերջին Ժնևում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը:
Ըստ աղբյուրի տարածած հաղորդագրության՝ երկու երկների ղեկավարներն իրենց հանձնառությունն են հայտնել ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: