Քրդերը երկրորդ խոշոր պատասխանն են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ սկսած Թուրքիայի զինված ուժերին։
Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են Թուրքիայի սահմանամերձ քրդաբնակ Մարդին և Շանլըուրֆա նահանգները։ Հրետակոծության հետևանքով 2 նահանգներում էլ զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրը, հղում անելով Մարդինի և Շանլըուրֆայի նահանգապետարանների հայտարարությանը, տեղեկացնում է, որ հրետակոծության հետևանքով 2 նահանգում վիրավորների թիվը հասնում է 69-ի, զոհերի թիվը՝ 7-ի: Վիրավորներից 45-ը Շանլոուրֆայից են, 24-ը՝ Մարդինից: Իսկ 7 զոհերից մեկը եղել է սիրիացի երեխա:
Նախօրեին էլ քրդական ուժերը կրակ էին բացել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարթընար շրջանների վրա:
Թուրքիայի ՊՆ-ն էլ հայտնել է, որ քուրքական զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» 228 զինյալի։
Հիշեցնենք, որ Թուրքիան քրդերի դեմ ռազմագործողությունը սկսել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։