Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկե եկեղեցու գերեզմանատանն ատելության հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով անհայտ անձինք քանդել ու հրկիզել են հանգուցյալ Զեհրա Չոլաքի գերեզմանի խաչը։«Արմենպրես»–ի հաղորդմամբ, Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր Գարո Փայլանն այդ առիթով հարցում է ուղղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Փայլանը նշել է՝ նախքան այդ հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:
«Նման հարձակում պատահել է նաև փետրվարի 7-ին Անկարայի քրիստոնյա քաղաքացիներին պատկանող Օրթագյուղի գերեզմանատանը. անհայտ անձինք քանդել են 19 գերեզմանաքար։ Հարց ենք տալիս ներքին գործերի նախարարին. Հրանտ Դինքի և Սանթարո վարդապետի դեմ ոճիրները կատարվել էին Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդված հրոսակախմբերի կողմից։ Տրապիզոնի ոստիկանության մեջ նման հրոսակախումբ կա՞»,- նշում է Փայլանը:
Պատգամավորը, մասնավորապես, հարցրել է, թե Զեհրա Չոլաքի հուղարկավորության ժամանակ պատահած սադրանքի մասին նախարարության կողմից հետաքննություն կատարվո՞ւմ է, և արդյոք բացահայտվա՞ծ են պատասխանատուները, նրանց ինքնությունը ճշտվա՞ծ է, կասկածյալները արդարադատության մարմիններին հանձնվե՞լ են: Նա հարցրել է նաև, թե Տրապիզոնում մահացած քրիստոնյա քաղաքացու հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքից հետո ինչու հարկ եղած ապահովության միջոցներ չեն ձեռնարկվել:
Փայլանը կարծիք է հայտնել, որ այդ ատելության հարձակումները պայմանավորված են նրանց քրիստոնյա լինելով: