ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը։
Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն ստիպել է վերանայել աշխատանքային օրենսգիրքը՝ կատարելով լրացումներ և փոփոխություններ։
Այդ փոփոխություններով զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաև կամավորական հիմուքնով երկրի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս՝ աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը։
Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները, արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:
Նախագծի զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ առաջարկվում է հստակ սահմանել ռազմական հավաքներին մասնակցելու կամ զորակոչվելու դեպքում աշխատողի աշխատատեղի և ստաժի պահպանման երաշխիքը, ինչպես նաև նախատեսել աշխատանքի վարձատրության հավելյալ հնարավորություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի պահեստազորում հաշվառված մինչև 55 տարեկան քաղաքացիների զորահավաքային զորակոչ, ինչպես նաև պահեստազորայինների զորահավաքային զորակոչ: