ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում:
Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում և տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների, ինչպես նաև գրանցված անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործունեություն:
Նախատեսվում է, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:
Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Ստեղծվելու է տեսչական մարմին՝ անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:
Ի դեպ, նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում ընտրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Ալեքսեյ Սանդիկովը։