Սոթքի հանքի հետ կապված որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել։ Ընկերության վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«1928-1929 թվակաների քարտեզները դրվելու են բանակցությունների սեղանին, բայց դա չի նշանակում, որ այլ փաստաթղթեր չեն քննարկվելու։ Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ ու փաստաթղթեր: Դրանք ևս բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց նա՝ հավելելով, որ բանակցությունները տեղի են ունենալու այս տարվանից սկսած՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորները մտել էին Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը, սակայն, Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հաստատել էր և տեղեկացրել, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուսստաուղերձում անդրադարձել էր Քարվաճառի ու Սոթքի ոսկու հանքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Նա հայտարարել էր, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ի դեպ, «Armenia Today-ի հետ զրույցում «ԳեոպրոՄայնինգ» ընկերությունից հայտնել են, որ Սոթքի հանքավայրի շուրջ բանակցություններ են ընթանում։