Համաճարակն ու մարտահրավերները, որոնց բախվել ենք այս տարի, բազմաթիվ հարցեր են առաջացրել:
Այս մասին ուրբաթ օրը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն, դա չի հանգեցրել Միության գործունեության շրջանակների նեղացմանը: Ընդհակառակը, դժվարությունները մեզ միավորեցին: Ավելին, կարևորվել է արդյունավետ գործող ինտեգրացիոն ասոցիացիայի կառուցման ակտիվացման անհրաժեշտությունը, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը։ Միության նպատակն է ստեղծել պայմաններ մեր տնտեսությունների հետագա սերտաճման և դրանց ինտեգրման մակարդակի բարձրացման համար:
Այս տեսակետը հաստատվեց հենց ճգնաժամի պայմաններում, որի հաղթահարման գործում անվիճելի է այն աջակցության կարևորությունը, որը մենք ստացանք և շարունակում ենք ստանալ մեր գործընկերներից: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ցուցաբերված անգնահատելի օգնության համար համաճարակի տարածմանը հակազդելու և այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով ՝ աշխարհագրական հեռավորությունն ու Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար:
«Արդյունքում, միության մնացած երկրների հետ ուղևորների և բեռների անխոչընդոտ կապը մեզ համար հիմնարար նշանակություն ունի: Հատկապես զգայուն են այս ոլորտում սահմանափակումները, ուստի այսօր արդիական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքի վերացումը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը կարեւորեց մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը: Այս համատեքստում նա նաև կարևորեց արտաքին տնտեսական հարաբերությունների պահպանման միջոցառումները ինչպես բուն Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց ասոցիացիաների հետ:
Հայաստանն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պարտավորվել է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և խթանել ԵԱՏՄ-ի դիրքը որպես միջազգային ասպարեզում հուսալի և կանխատեսելի գործընկեր:
Հայաստանի վարչապետը առաջնահերթությունների շարքում նշեց մինչ 2025 թվականը եվրասիական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերանայումը և վերջնական համակարգումը։
«Մենք պետք է փոխզիջումային լուծումներ գտնենք` մեր ինտեգրացիոն ասոցիացիայի համար այս չափազանց կարևոր գործընթացն ավարտելու համար: Մենք հավատարիմ ենք սկզբունքային դիրքորոշմանը՝ համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ: Մասնավորապես, Հայաստանը վստահ է, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է:
ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնան Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման մեջ»,-ասաց ՀՀ կառավարության ղեկավարը՝ շեշտելով ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: