Այս պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը շարունակվում է պահպանվել մեր նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում։ Այս մասին հրավիրված մամուլիսի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ում արձանագրված գնաճը 1,6 տոկոսի շրջանակներում է։
Մարտին Գալստյանի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ գնաճը կճեղքի ԿԲ-ի հայտարարած նպատակային 4 տոկոսի շեմը։
ԿԲ նախագահը չհերքեց, որ շուկայում սննդամթերքը թանկացել է։ Սա մի կողմից պայմանավորված է դրամի արժեզրկմամբ, մյուս կողմից համաշխարհային շուկայում որոշ ապրանքների և հումքի գների բարձրացմամբ։ Այս ուղղությամբ ԿԲ-ն քայլեր ձեռնարկել է։
«Դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25 %։ Հարկ է նշել, որ նոյեմբերին արձանագրվել է 1.3 % գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 % գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 %՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 % մակարդակից։ Նոյեմբերին շարունակվել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0 %»,- նկատեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն, ըստ Գալստյանի, արտահայտվում է նաև գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա:
ԿԲ նախագահի խոսքով՝ արտաքին հարվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն:
«Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձևավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը և թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման և կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման»,- ասաց նա՝ հավելելով, որ 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։ Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող ազդեցությունները` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ՀԲ նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դրական են գնահատում ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերից ՀՀ դրամն անշեղորեն անկում է ապրում։ Շուկայում արդեն իսկ գնաճ է գրանցվել։