Էլ․էներգիայի սակագնի վերանայման հարցը պայմանավորված է 2020թ․-ի հուլիսի 19-ին մեծածախ գազ սպառողների համար գազի սակագնի բարձրացմամբ՝ մասնավորապես, օգոստոսի 1-ից արդեն ուժի մեջ մտած 10․000 և ավել բաժանորդներ ունեցողների համար սահմանված նոր սակագինը, որի համաձայն մեծածախ գազ սպառողների համար 5․8 տոկոսով ավելացավ գազի սակագինը՝ 1000 խմ-ի հաշվարկով դառնալով 265 դոլար։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի կողմից էլ․էներգիայի սակագնի վերանայմանը։
«Հաշվի առնելով, որ համակարգը՝ ՀԷՑ-ը կրճատել էր կորուստները, կարողացավ ի հաշիվ այդ կրճատումների, այս տարվա 5 ամիսները՝ օգոստոսից մինչև դեկտեմբեր՝ հոսանքի բարձրացման հայտ չներկայացնել, սակայն այդ ռեզերվն արդեն ավարտվում է և նրանք իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեին, որ պետք է վերանայման հայտ ներկայացնեն՝ 2,74 դրամ բարձրացման չափով։ Այդ հայտի պատճառը օգոստոսի 1-ից գազի գնի բարձրացումն էր, իսկ մեր հոսանքի, էլ․ էներգիայի մոտ 1/3-ը արտադրվում է ՋԷԿ-երի միջոցով։ Մեր համակարգի մեջ ամենաթանկ հոսնաքը, ըստ էության, ՋԷԿ-երից ստացվող հոսանքն է և մենք այս դեպքում այլընտրանք չունենք, պետք է հոսանք ձեռք բերել, որպեսզի ամբողջությամբ էլեկտրամատակարարումը պահենք»,-նշել է Պարսյանը։
Տնտեսագետը նշել է նաև, որ էլ․էներգիայի սակագնի վրա էական ազդեցություն կթողնի նաև դրամի արժեզրկումը։ «Քանի որ ինչպես նշեցի, ՋԷԿ-երի կողմից 1000 խմ-ի հաշվարկով արդեն 265 դոլարը է վճարվելու, իսկ դոլարի փոխարժեքը բարձրանում է, նրանք նաև դոլարի բարձրացումն են ստիպված լինելու ավելացնել, քանի որ դոլարային բարձրացման արդյունքում պետք է փոխհատուցեն այդ բարձրացման գումարը։ Եթե հուլիսին դոլարի փոխարժեքը 490 դրամ էր, ապա հիմա՝ 530 դրամ է, որի պայմաններում սակագնի մեջ այդ 40 դրամի տարբերությունը պետք է հաշվի առնեն։ Այսինքն՝ էլ․էներգիայի թանկացման վրա երկու գործոն կարող ենք նշել այս պահին՝ սահմանի վրա գազի գնի բարձրացում և դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին անցած տարածքներում կային մեծ թվով ՀԷԿ-եր, որոնք էներգետիկ որոշակի հզորություն էին ներկայացնում, ինչպե՞ս պետք է կոմպեսացնել այս կորուստը, Պարսյանը նշել է․«Արցախի տարածքում մինչև պատերազմը գործում էր 32 ՀԷԿ, այդ ՀԷԿ-երից 26-ը ներկայումս չեն գործում, մյուսները գործում էին իրենց հզորության փոքր ծավալներով։ Արցախն իր էլ․էներգիայի ինքնաբավության բավականին բարձր աստիճան ուներ, նա կարողանում էր ոչ միայն իր էլ․էներգիայի պահանջարկը բավարարել, այլ նաև որոշ մասն արտահանել Հայաստան։ Հայաստանը կարողանում էր համեմատաբար էժան օգտվել Արցախում արտադրված այդ էլ․էներգիայից։
Կարծում եմ այդ բոլոր գործոնները, նաև հետագա քաղաքական-տնտեսական իրավիճակը կազդեն, որ բացի այս վերանայումից մոտակա ամիսների ընթացքում որոշակի վերանայումներ ևս կլինեն էլ․էներգիայի և գազի սակագների համար։ Այսինքն՝ այս հայտով չենք կանգնեցնելու հնարավոր բարձրացման հետագա փուլերը»,-նշել է Պարսյանը։