Երևանի ավագանին այսօր տեղի ունեցած նիստում քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2021թ. բյուջեն: Համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:
«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 145,6 մլն դրամ:
Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:
Նշենք, որ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառում է նաև նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաև կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում:
Իսկ «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 826,0 մլն դրամ:
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ: Պարգևատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:
Նշենք, որ 2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3 683,5 մլն դրամով: