Արցախյան պատերազմն ստիպել է վերանայել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը։
Հետպատերազմյա իրավիճակում նախարարության դիտակետում սահմանամերձ համայնքներն են ու արցախցիները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նոր սահմանամերձ դարձած համայնքների բնակիչներին աջակցություն կտրամադրվի։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում արցախյան պատերազմի ժամանակ զոհերի ընտանիքները կստանան 5-ական մլն դրամ, իսկ հաշմանդամություն ստացած քաղաքացիները՝ 1-ից մինչև 3 մլն դրամ: Վճարումներն արդեն իրականացվում են»,- ասաց նախարարը:
Սա Հայատանի բնակիչների մասով, իսկ նախարարության ուշադրությունն այս պահին ավելի շատ ուղղված է արցախցիներին։
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող արցախցիները գյուղական համայնքներում օրավարձով աշխատելու դեպքում կստանան 8000 դրամ։ Հունվարից նմանատիպ մեկ այլ ծրագիր էլ է կյանքի կոչվելու։
«Եթե արցախցիները գարծատուների մոտ պրակտիկա անցնեն, այդ ընթացքում պետությունը 100 հազար դրամ կտրամադրի աշխատավարձի տեսքով կխրախուսվեն նաև տնտեսվարողները։ Իսկ գործատուներին 34 000 դրամի չափով աջակցություն կտրամադրվի, ինչպես նաև կազատվեն հարկերից»,- մանրամասնեց նախարարը։
Կառավարությունն ընդունել է 15 սոցիալական միջոցառում՝ ուղղված պատերազմի հետևանքով տուժած արցախցիների կարիքներին:
«Արցախում հաշվառված քաղաքացիներին հատկացվել է 68 հազար դրամ, գումարած 15 հազար դրամ հավելավճար նրանց համար, որոնք չունեն սեփականություն: Այս պահի դրությամբ միջոցառումից օգտվել է 90 հազար քաղաքացի, հատկացվել է ընդհանուր 6.5 մլրդ դրամ:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիներին տրամադրվել է 300 հազար դրամ, շահառուները 30 հազար են, որոնցից աջակցությունն արդեն ստացել է 5000-ը:
Արցախում տեղի ունեցած ավերածությունների հետևանքով սեփականություն կորցրած քաղաքացիները կստանան 250 հազար դրամ:
Այսօրվանից գործարկվում են հյուրընկալության 2 ծրագրերը․ արցախցիներին հյուրընկալող քաղաքացիները կստանան յուրաքանչյուր անձի համար 30 հազար դրամ՝ ՀՀ-ում, 40 հազար դրամ՝ Արցախում»,- ծրագրերից մի քանիսը թվարկեց Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախում կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի։