Տարբեր թիրախային խմբերի աջակցության ծրագիրը մի գործընթաց է, որը դեռ չի ավարտվել, դրա ֆինանսական ծախսի մասին խոսելը ժամանակավրեպ է։ Այդ առնչությամբ կլինի պետական բյուջեի կատարման հաշվետվություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ազդել պատերազմը, սոցիալական աջակցություններն ու հետպատերազմյան վիճակը Հայաստանի ֆինանսական ցուցիչի վրա։
Իսկ թե ինչ ճակատագիր է ունեցել Համահայկական հիմնադրամից վերցված 53 մլրդ դրամը, թե ինչո՞ւ հանրությունն այդպես էլ չիմացավ այդ գումարի ծախսման ուղղությունների մասին, Պողոսյանը պարզաբանեց․
«Չգիտեմ, թե լրացուցիչ ինչ եք ակնկալում տեսնել։ Եղել են Ֆինանսների նախարարության պաշտոնական հրապարակումը, ֆինանսների նախարարի մեկնաբանությունն ու բացատրությունը, առաջիկայում կլինի բյուջեի կատարման հաշվետվություն, որտեղ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները կլինեն։ Ի ուրախություն բոլորիս պետք է ասեմ, որ տարին մենք ավարտել ենք բարձր ու տպավորիչ հարկային կարգապահությամբ»։
Լրագրողների հարցին, թե արդյոք առաջիկայում պետությունը ֆինանսական լուրջ խնդիրների առջև չի կանգնի, քանի որ հարկատուները պնդում են, թե մի քանի ամսվա հարկ են մուծել՝ պետության հոգսը թեթևացնելու համար, Պողոսյանը պատասխանեց, որ նման բան պարզապես լինել չի կարող նոր հարկային օրենսգրքի պայմաններում։ Հայտարարված հարկային պարտավորությունից ավել գրումար գործնականում հնարավոր չէ վճարել։