Տարածաշրջանում հաղորդակցության բացումը Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Թուրքիայի մասնաբաժինը 3 %-ից կավելացնի մինչեւ 13 %, իսկ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ադրբեջանի մասնաբաժինը առաջին փուլում կկազմի առնվազն 1 %: Ինչպես հաղորդում Է «Интерфакс-Азербайджан»-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Ղասիմլին։
«Միևնույն ժամանակ, հաղորդակցությունների բացումը թույլ կտա ավելացնել Ադրբեջանի արտահանումը տարեկան 1,2 մլրդ մանաթով (ընթացիկ փոխարժեքով 705,882 մլն դոլար), ՀՆԱ-ում ոչ նավթային սեկտորի բաժինը՝ 2 %-ով, վերամշակող արդյունաբերությունում՝ 3 %-ով և արդյունահանող արդյունաբերությունում ՝ 2,7 %-ով»,- ասել է Ղասիմլին՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
Մոսկվայում հունվարի 11-ին կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:
Հայտարարության առաջին կետով մասնավորապես նշվել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: