«Յուքոմ» ընկերությունում կրճատումներ չեն սպասվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ընկերության լրատվության ծառայությունից՝ հերքելով լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկությունները, թե ընկերությունում լուրջ կրճատումներ են իրականացվում, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացնեն։
Ընկերությունն այս լուրերն ապատեղեկատվություն համարեց և նշեց, որ առաջիկայում ոչ միայն աշխատակիցների թիվը չեն կրճատի, այլ հնարավոր են նաև համալրումներ։
«Եթե մեր ընկերության ռազմավարական զարգացման պլաններն ընթանան այնպես, ինչպես ծրագրել ենք, ապա 2021 թվականի ընթացքում մենք կունենանք աշխատակիցների համալրում»,- պարզաբանեցին ընկերությունից։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Նույն այդ տեղեկություններով՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։