Խորհրդարանական ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովը գնահատական կտա, թե վիրուսի դեմ պայքարը որ մասով է տապալվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։
«Հանրության մոտ բազամթիվ հարցեր կան համավարակի կանխարգելման և բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման հետևանքների վերացման կամ մեղմման գործողությունների արդյունավետության հետ կապված: Կարևորը, որ որոշումները ճիշտ ժամանակին կայացվեն, որովհետև, եթե անգամ ճիշտ որոշումն ուշ է կայացվում, դա ունենում է տնտեսական գին, երբեմն նաեւ մարդկային կյանքեր է արժենում»,- նշեց Խաչատրյանը։
Լրագրողները հետաքրքրվում են՝ իսկ արդեն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կհրավիրե՞ն քննիչ հանձնաժողով։ Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ քննիչ հանձանաժողով հրավիրելու պաշտոնատար անձանց ցանկը դեռ չեն որոշել։ Հիմա այդ աշխատանքներով են զբաղված։
Անդրադառնալով Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատմանն ու Անահիտ Ավանեսյանի՝ այդ պաշտոնում նշանակմանը՝ պատգամավորը չշտապեց գնահատականներ տալ և խոսել անհատների՝ պաշտոնից պաշտոն տեղափոխման մասին։ Նկատում է՝ նախարարները պետք է տեխնոկրատ լինեն։
Մասնագիտությամբ տնտեսագետ Արկադի Խաչատրյանը չի շրջանցում նաև տնտեսական խնդիրները։
Նրա խոսքով՝ պետության համար սոցիալական բեռն ավելացել է, տնտեսական ճգնաժամն էլ բավականին խորն է։
ԼՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ այս տարվա բյուջեն պետք է վերանայվի, ավելին՝ ներկայացվի բյուջեի նոր նախագիծ։
«Երկրի տնտեսական, սոցիալական, ինչպես նաև անվտանգության հետ կապված մարտահրավերները շատ են, իսկ դրանց լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի։ Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները, որովհետև տեխնոլոգիական վերազինումը, կրթական համակարգի բարեփոխումներն այլընտրանք չունեն»,- ընդգծեց նա։