Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել։ Հունվարի վերջին կլինի առաջին հանդիպումը։ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։
Փոխվարչապետի խոսքով՝ տնտեսական և ճանապարհային ապաշրջափակման հարցը պետք է լուծվի։
Ըստ նրա՝ խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգության երաշխիք կարող է լինել։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը չպետք է հաշվի առնվի։
«Խնդրի ճիշտ լուծումը անվտանգային երաշխիք կլինի։ Ինչի վրա և ինչպես կանդրադառնա՝ դա կարգավորումների խնդիր է։ Այո, կա և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ ռիսկերի գնահատման խնդիր։ Այդ խնդիրները պետք է քննարկել։ Եթե կա տպավորություն, որ այսուհետ բոլոր խնդիրները լուծված են և պատրաստի լուծումներ կան, որոնք այսօր պետք է կնքվեն, այդպես չէ։ Պետք է ձևավորվի հարթակ, որտեղ պետք է այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, իմպուլսների հակաիմպուլսներ ձևավորվեն, որ, ի վերջո, հնարավոր լինի ապաշրջափակել տնտեսությունը և տրանսպորտային ապաշրջափակման խնդիրը լուծել»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվող տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում կներկայացնի Հայաստանը:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ՝ ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որ վերաբերում է տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։