«Մենք գնային քաղաքականություն չենք իրականացնում և ոչ բոլոր ապրանքների ազդեցությունն ենք փորձում գնահատել, այլ միայն այն շուկաների, որտեղ կա կենտրոնացվածություն, այսինքն՝ կան ․ խոշոր խաղացողներ, որոնք օբյեկտիվորեն կարող են ազդել շուկայի վրա: Դրանց շարքում են շաքարի, կարագի, ձեթի, բենզինի, ցորենի և դեղի որոշ տեսակներ ներմուծող խաղացողները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա հավաստմամբ՝ այս ապրանքների թանկացման հիմնական պատճառը միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով:
«Շուկաներն այս պահին լուրջ փոփոխության են ենթարկվում: Երբ որ ձեռքբերման շուկաներում ապրանքները թանկացան, դրանք թանկացան նաև Հայաստանում, վերջին 4-5 օրերին կարագի գնի նվազում ենք նկատում: Հայաստանում չկա այն մտավախությունը, որ գների բարձրացումը կայուն կլինի և հակառակ գործընթացը՝ գների նվազումը տեղի չի ունենա. բազմաթիվ դեպքերով դա փաստում ենք»,- նշել է Գևորգյանը:
«Մենք գների փոփոխությանը նայում ենք այն տեսանկյունից, թե կան արդյոք գների փոփոխության օբյեկտիվ պատճառներ, եթե չկան, արդյոք սուբյեկտիվ պատճառները բխում են խոշոր խաղացողների շահերից, և եթե այո, ապա նրանք պատասխանատվության են ենթարկվում»,- նշել է ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ պատասխանատվության են ենթարկվել «Ալեքս» հոլդինգ ընկերությունը, ցիտրուսային մրգեր ներկրող ընկերություններ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար, ձվի շուկայում ևս պատասխանատվության միջոց է կիրառվել: