Կառավարության որոշմամբ ցեմենտի ներմուծումը մեր երկիր ժամանակավորապես կարգելվի, բացառությամբ ԵԱՏՄ երկրներից: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը:
Օրինակ` Բելառուսի Նախարարների Խորհրդի որոշմամբ սահմանափակվել է երրորդ երկրներից Բելառուսի Հանրապետություն պորտլանդ-ցեմենտի ներմուծումը, իսկ Ղազախստանը ժամանակավորապես արգելել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը: