Փետրվարի 1-ից նոր թափով մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ուղղված գործընթացները: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:
«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրման և ապօրինի շինությունների ապամոնտաժման թեմայով խորհրդակցություն տեղի ունեցավ։
Ներկայումս դատավարության փուլում են գտնվում գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջի մասով թվով 32 հայցադիմումներ՝ 43 845 466 ՀՀ դրամ հայցագնի չափով։
Օրինական ուժի մեջ մտած դատական թվով 22 ակտերով՝ բռնագանձման ենթակա 36 224 214 ՀՀ դրամի չափով, կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման։ Գրավոր ծանուցագրերի և աշխատանքային կարգով հեռախոսազանգերի արդյունքում թվով 263 վարձակալներ վարձավճարների կետանց չունեն, սակայն, պայմանագրից բխող պարտավորության գումարը կազմում է 28 035 000 ՀՀ դրամ։ Թվով 486 վարձակալներ պարտաճանաչ կատարում են պայմանագրով նախատեսված պարտավորությունները։
Դատական ակտերով սնանկ են ճանաչվել թվով 9 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 27 298 852 ՀՀ դրամ։ Թվով 12 վարձակալների անվամբ առկա են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված «մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ։ Նշված վարձակալների պարտավորության գումարի չափը կազմում է 14 215 271 ՀՀ դրամ։ Նախատեսվում է թվով 61 վարձակալների ներկայացնել պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 22 152 203 ՀՀ դրամ։
Նախատեսվում է թվով 23 վարձակալների գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջով կազմել հայցադիմումներ դատարան ներկայացնելու համար՝ 15 385 164 ՀՀ դրամ հայցագնի չափով։ Առկա են հողոգտագործման թվով 7 խնդրահարույց պայմանագրեր, որոնց պարտավորությունների գումարի չափը կազմում է 22 385 921 ՀՀ դրամ։
Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ Չեն հանդուրժվելու իրենց արտոնյալ համարող ու տարիներ շարունակ Սևանը կեղեքող խմբերն ու անհատները, մերժվելու են տարբեր խմբերի հովանավորության ներքո գործող շրջանակները, որոնք սեփական շահը վեր են դասում պետական ու հանրային շահից։