ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հեղինակը կառավարությունն է, գլխավոր զեկուցողը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը։ Վերջինս մանրակրկիտ ներկայացրեց նախագծի էությունը։
Նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում` պետական մարմինների, այդ թվում` կառավարական կապի, ՀՀ պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:
Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում, ինչպես նաև կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների շերտերի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկի և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների շերտերի հատկացման կարգի հաստատման գործընթացի ապահովում:
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ կամ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հարցին տրվեց դրական եզրակացություն։