2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 % գնաճ, որը հիմնականում պայմանավորված է ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7 %։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա տեղեկացմամբ՝ դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6 %։
Մարտին Գալստյանի խոսքով՝ ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն:
«Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը»,- նշեց նա։
ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5 %։
Ի դեպ, ԿԲ-ի կանխատեսմամբ՝ գնաճը կգտնվի նպատակային 4 % ցուցանիշի շրջակայքում: