Ի՞նչ է սպասվում ճանապարհների ապաշրջափակման դեպքում, ի՞նչ տնտեսական օգուտ կարող է Հայաստանն ունենալ։ Արդյոք հայկական բեռները կարո՞ղ են անվտանգ անցնել Ադրբեջանի տարածքով։ Այս հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
–Ապաշրջափակման մասին հայտարարությունը միանշանակ չընդունվեց: Փորձագիտական որոշ շրջանակների պնդմամբ՝ ապաշրջափակման որոշումը միակողմանի է, այն չի բխում մեր երկրի շահերից, ավելի շատ սպասարկում է ռուս-թուրքական շահերը: Պարոն Միքայելյան, Ձեր կարծիքով՝ ո՞ւմ շահերն է սպասարկում ապաշրջափակումը։
–Նախ, պետք է հասկանանք, որ Ռուսաստանի շահերը Թուրքիայի շահերից էապես տարբերվում են։ Բացի այդ, կան նաև Ադրբեջանի շահերը, և կան նաև Հայաստանի շահերը։ Պետք է նշել, որ այդ չորս սուբյեկտների շահերը տարբեր են։ Կան նաև կողմեր, որոնք ներկայացված չեն, սակայն, ինչ- որ չափով նրանց շահերը ևս շոշափվում են, օրինակ, Վրաստանի, ԱՄՆ-ի։ Ինչ վերաբերում է նրան, թե ապաշրջափակումն ինչքանով է բխում Հայաստանի շահերից, ապա կասեմ, որ կարելի էր ավելի լավ բանակցել և շատ ավելի լավ պայմանների կարելի էր հասնել։ Այստեղ բազմաթիվ թերություններ կան․ առաջինը՝ ֆորմատը, որ դա հայտարարություն է։ Մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարություն։ Ենթադրենք նոյեմբերի 9-ի դեպքում հնարավոր չէր այլ կերպ կանգնեցնել պատերազմը։ Միգուցե, դա կարող էր համաձայնագիր լինել։ Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ուզում է երկաթգծի ճանապարհ ունենալ, մենք էլ պետք է մեր պայմաններն առաջադրենք։ Իհարկե, այս պահի դրությամբ առաջնայինը գերիների վերադարձի հարցն է։ Եթե Ադրբեջանը մի բան ստանում է, Հայաստանը ևս պետք է ստանա։ Բանակցություններում մենք մեր պայմանները չենք դնում, մեր ուզածները չենք պնդում։ Մեր իշխանությունը կարող էր հայտարարել, որ ապաշրջափակման վերաբերյալ հայտարարությունը չի ստորագրելու, քանի որ այս կամ այն պայմանները չեն բավարարվում։ Այն ճանապարհը, որն Ադրբեջանն ստանում է, վերահսկվում է ռուսական կողմից։ Իսկ այն ճանապարհը, որ ենթադրաբար պետք է ստանա Հայաստանը, վերահսկվում է ադրբեջանական կողմից։ Այսինքն՝ անհամաձայնության դեպքում Ադրբեջանը կարող է այդ տարածքով կասեցնել ապրանքների շրջանառությունը, իսկ մենք՝ չենք կարող։ Տնտեսական առումով ևս խնդիրներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում․