Գարնանը պետական հատվածում կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան: Այս մասին փետրվարի 4-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մակրոտնտեսական իրավիճակը կայուն է:
«Սա ոչ միայն մեր, այլև միջազգային ներդրողների գնահատականն է: Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված պնդումները այդպիսի ռիսկերի վերաբերյալ»,- բացատրեց Ջանջուղազյանը:
Լավատեսական կանխատեսումներ չեն սպասվում տարվա ավարտին։ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ պետական պարտքը կմոտենա 8․9 մլրդ դոլարին, իսկ կառավարության պարտքը՝ 8․5 միլիարդին։
«Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի: Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, նաև պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին, դա մեր ծրագրերի մաս է»,-շեշտեց ֆինանսների նախարարը:
Նա նշեց, որ 2020 թվականի տնտեսական անկումը կկազմի 7.9 տոկոս, այս տարվա համար 3․2 տոկոս տնտեսական աճ է նախատեսված։ Ավելին, ֆինանսների նախարարի համոզմամբ, ջանքեր ներդնելու դեպքում ավելի մեծ աճ են ակնկալում։