Հունվարին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3 %, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5 %, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6 %, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7 % գնաճ։ Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
2021-ի հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.9 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6 %, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9 %, դեղագործական ապրանքների 4.6 % գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1 % և 3.8 %-ով։
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4 %, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.3 % հավելաճ:
Մատուցված ծառայություններից այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ փոքր-ինչ բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3 % հավելաճով: