Բուսական յուղը թանկացել է 44.3, շաքարավազը՝ 40.7, ձուն՝ 26.4, հացը՝ 7.9 տոկոսով, բարձրացել են նաև դեղերի գները։ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ԱԺ հայտարարությունների ժամանակ թվարկեց թանկացած պարենային ապրանքների գների շարքը, որը բավական երկար է։
Պատգամավորը տեղեկացրեց, որ միջմարզային մի շարք ուղղությունների փոխադրավարձի արժեքը նույնպես բարձրացել է 50-100 դրամով։ Վահե Էնֆիաջյանը փաստում է, որ սակագինն է միայն բարձրացվել, իսկ ծառայության որակը չի փոխվել։
Նա նկատում է՝ Հայաստանում համատարած գնաճ է, իսկ աշխատավարձերը չեն բարձրացել, սոցիալական որևէ ծրագիր չի իրականացվել։
Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է պատասխան տա և հիմնավորի գնաճի պատճառը։
«Որտե՞ղ են կառավարության ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար: Համատարած բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները պետք է չուշանան»,- նշեց Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճ է արձանագրվել։