Կառավարության այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում քննարկվող նախագծերից մեկում նշված է, որ վերջին ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակներում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների մասով, որոնք դեռևս չեն հասել Հայաստան, և դրանք, Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված, կարող են գերազանցել նախատեսված առավելագույն 450 մլն դրամի շեմը:
Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն շեմը 2 անգամից ավելի կբարձրացվի (1 մլրդ)։
Լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրը գերազանցող ժամկետը փոխարինվում է 90 օրը գերազանցող ժամկետով։
Մեկ այլ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքի գծով սահմանել 14% առավելագույն փաստացի տոկոսադրույք (գործող 9%-14% փոխարեն)։
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին տրամադրվեն 0% տոկոսադրույքով (գործող 2%-5% փոխարեն):
Նախագծով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսական կառույցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկերի կամ լիզինգի տրամադրման դժվարությունների, ինչպես նաև արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար միանման արտոնյալ պայմաններ ապահովելու հանգամանքով: