Կառավարության նիստին, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թ-ին մեկնարկել էր գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որը գործում էր ընդամենը 2 մարզում՝ 2 մշակաբույսի դեպքում՝ խաղողի և ծիրանի համար: Իսկ այս տարվանից ապահովագրությունը գործում է բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, վարսակ, գարի, կարտոֆիլ, ձմերուկ, սալոր, սեխ:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց բերքն ապահովագրել կարկուտից, ցրտահարությունից և մի շարք այլ ռիսկերից: Վարչապետն ընդգծեց, որ ապահովագրական գումարի զգալի մասը վճարում է կառավարությունը, և պետք է քաջալերել, որ մեր գյուղացիներն օգտվեն այս ծառայություններից: