ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ներկայացրել է իր վերլուծությունը, որը վերաբերում է գյուղատնտեսության 1,4 % աճին։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ինչի՞ հաշվին է գյուղատնտեսության 1,4 % աճը. ցուցանիշը համարժեք չէ ոլորտին հատկացված գումարներին:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին գյուղատնտեսության ոլորտը (առանց ձկնորսության) ընթացիկ գներով 1,4 տոկոս աճ է ապահովել, մասնավորապես՝ բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ անասնապահությունը՝ 0,6 տոկոսով։
Հատկանշական է, որ գյուղատնտեսության հիմնական աճը գրանցվել է 2020 թվականի 1-ին (4,5 տոկոս) և 4-րդ (3,3 տոկոս) եռամսյակների ընթացքում։ Խիստ կասկածելի է հատկապես 4-րդ եռամսյակի աճը՝ հաշվի առնելով նաև սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախյան պատերազմի գործոնը։ Միջազգային փորձը փաստում է, որ պատերազմական գործողություններն առաջին հերթին բացասական ազդեցություն են թողնում գյուղատնտեսության վրա, քանի որ խաթարվում են ցանքսի և բերքահավաքի աշխատանքները, զորակոչվում են գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածները և այլն։
Արցախյան վերջին պատերազմը սկսեց բերքահավաքի շրջանում, ինչի պատճառով բերքի հավաքման և իրացման աշխատանքներն ունեցան լուրջ խոչընդոտներ, բացի այդ, ժամանակին և ամբողջ ծավալով չիրականացվեց աշնանացանը։
Անասնապահության գրեթե զրոյական աճը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով վերջին 3 տարիների ընթացքում գյուղատնտեսական կենդանիների վերարտադրող գլխաքանակների նվազման միտումները: Այնուամենայիվ, կորոնավիրուսի տնտեսական սահմանափակումներով և տնտեսական ճգնաժամով պայմանավորված խոզաբուծությունը մեծ կորուստներ է կրել 2020 թվականի ընթացքում։ Ռեստորանների և հանդիսությունների սրահների չաշխատելու պայմաններում խոզի մսի նկատմամբ պահանջարկը խիստ նվազել էր, և մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ զգալի կկրճատվի մայր խոզերի քլխաքանակը ևս։
2020 թվականին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում իրականացրեց, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները զրոյական տոկոսադրույքով արտոնյալ ժամկետով վարկեր վերցնելու հնարավորություն ունեցան։ Պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն՝ 10000-ից ավելի գյուղատնտեսներ օգտվեցին այս աջակցության փաթեթից։ Մեծ պահանջարկ ուներ մինչև 1 մլն դրամի հասնող ցանքատարածությունների համար ֆիզիկական անձանց տրվող վարկերը 9 ամիս արտոնյալ ժամկետով, որի ձևակերպումը շատ արագ էր և բանկերի կողմից դժվար վերահսկելի։
Վարկառուների մեծ մասը, ունենալով արդեն իսկ արած ցանքսեր, զրոյական տոկոսադրույքով վարկ էին վերցնում բանկերից և ծախսում հիմնականում կենցաղային խնդիրները լուծելու կամ այլ վարկերը մարելու համար։ Կառավարության մեկ այլ ծրագրով զրոյական տոկսադրույքով վարկեր տրամադրվեցին գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, պահածոների, հյութերի արտադրություններին։ Օգտվելով առիթից՝ որոշ խոշոր գործարարներ իրենց սեփական գումարները ավանդադրեցին բանկերում, տեղը դրեցին զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցները։ Արդյունքում՝ պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվել է շուրջ 101 մլրդ ՀՀ դրամի գյուղատնտեսական վարկեր, ըստ էության՝ 2020 թվականին կառավարությունը այս ծրագրերի շրջանակում ծախսել է 10-14 մլրդ ՀՀ դրամ։