Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, Շիրակի մարզպետը և փոխմարզպետերը զեկուցել են, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով և այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը: Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ:
Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար:
Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:
Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: